Դոնալդ Թրամփը հայտնել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ, քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Զրույցը տևել է շուրջ մեկուկես ժամ:
«Այլևս չպետք է հարցեր մնան հազվագյուտ հանքանյութերի հետ կապված: Մեր թիմերը շուտով կհանդիպեն, վայրը որոշվում է», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։
Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կամ Իրանի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել: Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սի Ծինփինն իրեն և Մելանիա Թրամփին հրավիրել է Չինաստան: Սպիտակ տան ղեկավարն էլ իր հերթին Սիին է հրավիրել Վաշինգտոն:
Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարների շփումը մեկնաբանել են նաև Պեկինից: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Սի Ծինփինը Թրամփին ասել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական քայլերը։
«Ժնևյան բանակցություններից հետո մենք բարեխղճորեն կատարել ենք բոլոր պայմանավորվածությունները։ Միացյալ Նահանգները պետք է լուրջ ընդունի գրանցված առաջընթացը», - ընդգծել է Սին։
Նա նաև հորդորել է Թրամփին զգուշավոր լինել Թայվանի հարցում՝ հակամարտությունից խուսափելու համար: ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը և Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։
Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը փոխադարձաբար կրճատվել են։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։