Մեր տեսլականն է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորինս մեծ ծավալով ներառվեն, ներգրավվեն մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Դրա համար մենք պետք է նրանց նախևառաջ հնարավորություն ընձեռենք աշխատելու և բնակարան ձեռք բերելու: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ մշտապես քննարկվում են բոլոր հնարավոր առաջարկները:
«Մենք այսօր 26.000-ից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ ունենք, որոնք զբաղված են, աշխատում են, որոնք փոքր ձեռներեց են, փոքր բիզնեսներ ունեն: Մենք պետք է խթանենք, որպեսզի այդ ընտանիքները գնան, աշխատեն, մեծացնենք աշխատանքի հնարավորությունները»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ պետք է լինեն աջակցության ծրագրեր, որոնք կնպաստեն նրանց երկարաժամկետ ներառմանը հանրային կյանքին: Հենց այս նպատակին են ծառայում են նաև բնակարանային ծրագրերը:
«Ուզում եմ, որ մեր հայրենակիցները հասկանան, ընդունեն, ընկալեն, որ, ի վերջո, մենք իրենց օգնելու և իրենց երկարաժամկետ ներառումն ապահովելու համար ենք այս ծրագրերն իրականացնում: Մենք չենք ուզում, որ այնպիսի վարքագիծ դրսևորվի, որ անընդհատ պետությունն ինչ-որ գումարով պետք է փորձի իրենց խնդիրները լուծել: Մենք պետք է ուղղորդենք, օգնենք, մենթորություն անենք, որպեսզի խնդիրները լուծվեն»,- ասաց նախարարը: