Հոգևոր կառույցի մասին ենք խոսում, և կառույցի մասին, որտեղ կոնկրետ կանոններ գոյություն ունեն, և այդ կանոնները խախտվել են. որևիցե մեկը որևիցե մեկի ննջարան չի մտել և իրավունք չունի մտնելու: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով վարչապետի՝ սոցցանցում արած գրառումների մասին հարցին:
«Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատվում է դրանց շուրջ: Շուտով նորություն կլինի՝ շատ հետաքրքիր, կարծում եմ՝ որոշ ժամանակ անց, ենթադրում եմ՝ մյուս ամիս, վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, հնարավորություն կունենանք օրակարգային ռեալ հարցերից խոսել»,- լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը:
«ՀՀ-ն խղճի ազատություն դավանող երկիր է, և կարծում եմ, որ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն ունենա առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար»,- ասաց Սիմոնյանը՝ չբացառելով, որ դա կարող է արվել Վեհափառի ընտրությամբ:
«Եկեղեցին այլևս քաղաքական կուսակցության դեր է իր վրա վերցրել, և ես չեմ բացառում, որ կաթողիկոսը կարող է մի օր որպես վարչապետի թեկնածու ներկայանալ: Ինչո՞ւ Բագրատ Սրբազանը կարող է վարչապետի թեկնածու լինել Կանադայի քաղաքացի լինելով, ինքը չի կարող: Կաթողիկոսն էլ իրավունքներ ունի»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցու վրա ոչ մեկը չի կարող հարձակվել: «Ոչ ոք չի հարձակվում: Կան կասկածներ, որ կոնկրետ անհատներ Հայ առաքելական եկեղեցու վարկը և բարեվարքությունը գցում են, դրա մասին է խոսքը: Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր բոլորի՝ քրիստոնյա հայ ժողովրդի ամենակարևոր կառույցն է, որը որ ամենակարևոր սուրբ լինելու հետ կապված ոտնձգություններ կան: էն բոլոր մարդիկ, ովքեր հավատացյալ են, պաշտում են, հարգում են Հայ առաքելական եկեղեցին, պետք է իմանան՝ այդտեղ խնդիր կա, թե չկա:
Կաթողիկոսը, Արշակ սրբազանը, էն մյուս սրբազանը եկեղեցին չեն, իրենց խաբել են, որ իրենք եկեղեցին են, իրենք հավատացյալների և Աստծու ծառաներն են: Իրենք մոռացել են, որ ծառա են, իրենք մտածում են, որ գողական են, հարց լուծող, քավոր են, բիզնեսմեն են: Սրբազան կար՝ զենքով էր ման գալիս մինչև էս վերջերս, մի հատ էլ լավ ավտո ուներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: