Վլադիմիր Պուտինը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել, խնդրել ստամբուլյան բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն զեկուցել վերջին հանդիպման արդյունքների մասին: Մեդինսկու խոսքով՝ Ուկրաինան առաջարկել է մինչև 60-օրյա զինադադար հաստատել՝ Պուտին-Զելենսկի հանդիպում նախապատրաստելու համար:
«Ռուսական կողմը կոչ է արել ուկրաինական պատվիրակությանը կենտրոնանալ խաղաղության պայմանների մշակման, այլ ոչ ժամանակավոր հրադադարի վրա», - հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը:
Մեդինսկին ընդգծել է, որ Մոսկվան և Կիևը կապի մեջ են մարդասիրական հարցերով: Նրա խոսքով՝ պատրաստ են հունիսի 7-9-ը Ուկրաինայի հետ գերիների փոխանակում իրականացնել՝ «1200-ը 1200-ի դիմաց»։
Պուտինն էլ նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր միջոցները, այդ թվում՝ բանակցությունները։ Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, թե Կիևը խաղաղություն չի ցանկանում:
Մեկնաբանելով Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը՝ Պուտինը շեշտել է՝ ով է առհասարակ քննարկումներ վարում ահաբեկիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Կուրսկում և Բրյանսկում երկաթուղային ենթակառուցվածքներին ուկրաինական ենթադրյալ հարձակումներին:
Քննչական կոմիտեի ղեկավարը նշել է, որ ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1 միլիարդ ռուբլի։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։