Վերջերս վերնագրեր են տարածում, թե վարչապետը չգիտեմ ինչի հենակետային քոլեջը, քոլեջի շենքը նվիրել է իր դստերը: Քանի որ ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղություններն ակտիվացել են, մի խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 5-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքին առնչվող ապատեղեկատվություններին, հատկապես այն լուրին, թե, իբրև, ՀՀ վարչապետը Ֆրանսիայում 3 մլն եվրոյով տուն է գնել:
«Մենք, կոռեկտություն պահելով, սխալվում ենք: Օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է: Դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել է, իր դեմ կաշառքի գործի մասով ասել է՝ վաղեմության ժամկետ կիրառեք: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է: Հիմա ՀՀ դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա-շա-ռա-կեր է: Թող գնան, դատի տան:
Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյանի անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը, և այդպես շարունակ: Ամեն ինչին չափ կա, սահման կա… Իրենք էլ չեն ժխտում, որ Հունաստանում կղզի ունեն: Իրենք այլևս չեն կարող պաշտպանվել, որ իրենք թալանչի-կաշառակեր են: Իրենք ուզում են ցույց տալ, որ դե, իբր, մենք էլ ենք թալանչի-կաշառակեր: Չեք հասնի այդ նպատակին, որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնալու ենք…,- ասաց վարչապետը և հավելեց, թե այս «անկանոն շարժումները» կապված են գույքի բռնագանձման համակարգերի հետ: