Մոսկվան ակնկալում է, որ Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլում կքննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի հուշագրերի նախագծերը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև մանրամասնել է, որ Ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագրի նախագծի մանրամասները չեն հրապարակվի։ Ռուսաստանի պատվիրակությունը մեկնելու է Ստամբուլ և պատրաստ կլինի երկուշաբթի առավոտյան Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների երկրորդ փուլին։
Պեսկովի խոսքով՝ մշակվում է ժամանակավոր զինադադարի պայմանների ցանկը, որը ենթակա է համաձայնեցման: Այդ ցանկում ներառվել են Սև ծովի անվտանգության խնդիրները։ Կրեմլի մամուլի խոսնակը նշել է, որ Վլադիմիր Պուտինը աջակցում է Զելենսկու և Թրամփի հետ անձնական հանդիպման հնարավորությունը. «նման շփումներն անհրաժեշտ են, բայց նախապատրաստություն են պահանջում»:
Նրա խոսքով՝ հանդիպումից առաջ արդյունքների պետք է հասնել Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցություններում։
Ավելի վաղ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 2-ին, Ստամբուլում։ Դրանց շրջանակում Մոսկվան հուշագիր կներկայացնի ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը կպարունակի բոլոր ասպեկտները՝ հակամարտության բուն պատճառները հաղթահարելու համար։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել էր,որ ռուսական պատվիրակության կազմը կլինի նույնը, ինչ նախորդ փուլում։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։