Գազայում ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետը:
«Այնտեղ տառապանքի մակարդակն անտանելի է, անմեղ երեխաներ են ռմբակոծվում: Սարսափած ենք, քանի որ Իսրայելի գործողությունների հետևանքով ականատեսն ենք էսկալացիայի», - հայտարարել է Քիր Սթարմերը:
Նա նաև կոչ է արել հրադադար հաստատել՝ ազատելու ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիներին:
«Իսրայելը պետք է թույլ տա, որ մարդասիրական աջակցությունն ավելացվի, չենք կարող թույլ տալ, որ Գազայի ժողովուրդը սովամահ լինի», - հավելել է Սթարմերը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան կոչ էին արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում, դատապարտել Իսրայելի կառավարության որոշ անդամների հայտարարությունները՝ պաղեստինցիների զանգվածային տեղահանման մասին։
Բենիամին Նեթանյահուն անընդունելի էր համարել, իր ձևակերպմամբ, Իսրայելի պաշտպանական պայքարը դադարեցնելու կոչերը: Նա կրկնել է՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, գերիներն վերադարձվեն, Գազան էլ ապառազմականացվի:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։