Բենզինի գինը, որն իջել էր 250 դրամ, մրցակցության արդյունք չէր, այլ անբարեխիղճ մրցակցության հետևանք, որովհետև տարածաշրջանում այդ գնով ապրանք գոյություն չուներ: Այս մասին Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ արձագաքնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե բենզինի՝ 250 դրամի հասնելու փաստը որակի վատացմա՞ն, թե՞ մրցակցության հետևանք էր:
«ՀՀ-ում ներկրվող ապրանքները ձեռք են բերվում որոշակի երկրներից կամ բորսաներից: Հիմա՝ եթե այդ բորսաներում գինն ավելի բարձր է, ո՞նց է ստացվում, որ ՀՀ-ում գինն էժան է լինում: Դա խաբկանք է, որ մենք չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել»,- ասաց նա և հավելեց՝ խնդիր կլինի, եթե բենզինի գինը բորսայում իջնի, իսկ ՀՀ-ում չիջնի: