2024 թվականին բենզինի շուկայում մեծածավալ ուսումնասիրություն է կատարվել: Բացի վարչարարություն անելուց, տուգանելուց՝ մի քանի կարևոր արձանագրում ենք արել: Ֆինանսների նախարարությանը ներկայացրել ենք բենզինի ակցիզային հարկի տրամաբանություն, ինչը կստիպի տնտեսվարողների միջև բալանսի կարգավորմանը: Այս մասին Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով ՄՊՀ-ի՝ 2024 թվականի գործունեության հաղորդումը:
Ըստ Գեղամ Գևորգյանի՝ ակցիզային հարկի տրամաբանությունն այնպես է գործում, որ ավելի մեծ ծախս ցույց տվող տնտեսվարողներ կարող են ավելի քիչ հարկ տալ:
«Եթե դուք տեսնեք բենզին ներկրողների հարկային վճարները, կտեսնեք, որ փաստ չէ, որ ամենամեծ ներկրողն ամենաշատ հարկն է մուծում կամ ամենամեծ շահութահարկն է վճարում: Կարծում ենք՝ այս տրամաբանությունը կկարգավորվի»,- ասաց նա:
Հաջորդ բանը, որ հանձնաժողովն արձանագրել է, այն է, որ բենզինի վաճառքը մեծածախ շուկայում պետք է տեղի ունենա տեղափոխումից առաջ թղթային գործընթացով, և տեղափոխման ժամանակ պետք է վերահսկողություն լինի, որովհետև այդ բենզինը, ըստ Գեղամ Գևորգյանի, տեղափոխվում է որոշ պահեստներ, շինարարական կազմակերպություններ, իսկ այդ ընթացքում այլ նյութեր են մեջը խառնվում, արդյունքում գինն իջեցնում են:
«Կհիշեք, որ մի պահ նույնիսկ 250 դրամով մի քանի բենզալցակայաններում բենզին կար: Մենք արագ արձագանքեցինք, ասացինք՝ չի կարող նման բան լինել, ու չի կարելի հավատալ խոսակցություններին, թե իրական բենզինի գինը 250 է, իսկ մենք չենք թողնում: Դա խայծ է, և կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք: Մենք նրանց պատասխանատվության ենթարկեցինք»,- ասաց նա:
Գեղամ Գևորգյանը նաև նկատեց, որ նման դեպքերում, երբ վարույթ է հարուցվում, տնտեսվարողները սնանկանում են, նաև դատարանում քրեական գործեր են բացվում նրանց դեմ, բայց խնդիրն այդպես էլ չի վերանում: Այս համատեքստում, ըստ ՄՊՀ նախագահի, առաջարկվում է երևույթի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմ գործարկել: