Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյին
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ ծրագրերի ավագ պատասխանատու Մայա Ստոյանովիչը, ԵԽ փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպան, «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի պատասխանատու Հակոբ Գաբրիելյանը և ՄԻՊ ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը:
Քննարկվել են ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:
Զրույցի շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծել է մեր երկրում ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։
Իր հերթին Անգելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։