ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ շփումներում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
Պատասխանելով հարցին, թե որն է Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցման հարցի վերաբերյալ ԱՄՆ Հանրապետական վարչակազմի դիրքորոշումը՝ Ռուբիոն նշել է, որ դեռևս որոշում չկա, քանի որ Վաշինգտոնը կենտրոնացած է խաղաղության հաստատման վրա։
«Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, և մենք երկու երկրի, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի»,- ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը վերջին բանն է, որը Վաշինգտոնը կցանկանար:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: