Մայիսի 19-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը` ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի շրջանակներում, կազմակերպել է հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքար հանուն կենսաբազմազանության պաշտպանության․ ազգային ռազմավարությունների և նախաձեռնությունների դերը» խորագրով։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը:
Դեսպան Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներին` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը հասցեագրելու նման հանցագործությունները և ընդգծելով այդ ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը, այդ թվում` Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում, որի 17-րդ համաժողովը հաջորդ տարի հյուրընկալվելու է Հայաստանի կողմից։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել է նորաստեղծ ծառայության նպատակները, առաջնահերթություններն ու ընթացիկ գործունեությունը, այդ թվում` Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի մանրամասները։
Հարակից միջոցառմանն աջակցել և ելույթներով են հանդես եկել ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը, Ֆրանսիան, ԻՆՏԵՐՊՈԼ-ը և Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը։