ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը դրական է գնահատել։
«Կարծում եմ՝ այն բավական լավ անցավ։ ՌԴ-ն և Ուկրաինան անհապաղ կսկսեն հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները»,- Truth Social-ի իր էջում գրել է նա։
Թրամփն ընդգծել է, որ կողմերը կհամաձայնեցնեն հակամարտության դադարեցման պայմանները։ Նա ընդգծել է, որ այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։
Թրամփը նաև հիշեցրել է, որ Վատիկանը մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերել իր տարածքում բանակցությունների անցկացման հարցում։
«Թող գործընթացը սկսվի»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ՌԴ-ն ցանկանում է պատերազմական գործողություններից հետո լայնածավալ առևտուր ունենալ ԱՄՆ հետ։
«ՌԴ-ն հզոր հնարավորություններ ունի աշխատատեղերի ստեղծման և բարեկեցության ավելացման համար։ Նրա հնարավորություններն անսահման են»,- ասել է նա։
Ուկրաինան, ըստ Թրամփի, նույնպես կարող է շահել առևտրային հարաբերություններից: