Մայիսի 16-ին Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դյուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքի հետ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Խաչատրյանի և քաղաքապետ Դյուսեի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Լիոնի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, այս ուղղությամբ առկա ընթացիկ ծրագրերին։ Հայաստանի դեսպանը կարևորել է Լիոնի քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, ինչը բազմիցս դրսևորվել է քաղաքային խորհրդի բանաձևերի և հրապարակային հայտարարությունների տեսքով։
Հայաստանի դեսպանը և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահը քննարկել են ռեգիոնի և ՀՀ Սյունիքի մարզի, վերջիններիս համայնքների միջև շարունակաբար զարգացող համագործակցությունը, ինչպես նաև՝ հունիսի 2-ից 3-ը Հայաստանում, Գորիս քաղաքում, կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Բարձր գնահատելով մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու հարցում Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության վճռական հանձնառությունը՝ դեսպան Խաչատրյանը զրուցակցի հետ քննարկել է նաև ռեգիոնի և Հայաստանի միջև համագործակցության, մասնավորապես՝ տնտեսական և կրթական ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։