Հայաստանի պատմության մեջ երբեք պետության ինքնիշխանության համար մղվող պայքարում ժողովուրդն այսքան մեծ մասնակցություն չի ունեցել, որքան հիմա: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Առաջին անգամ, ժողովուրդը, ի դեմս իր ընտրած քաղաքական մեծամասնության, Ազգային ժողովում կռիվ է տալիս սեփական ինքնիշխանության համար` օտարերկրյա գործակալների դեմ: Առաջին անգամ, Հայաստանի Խորհրդարանը պետության ինքնիշխանության համար մղվող պայքարի թատերաբեմ է դարձել: Եվ այդ պայքարն ունի խորը գաղափարական հիմքեր: Այնպես որ, այդ պայքարի աղմուկից պետք չի դժգոհել: Ժողովրդավարությունը աղմկոտ կառավարման համակարգ է: Լուռ համակարգը բռնապետությունն է, որտեղ ձայները լռեցված են և ոչ ոքի նյարդերը չեն լարվում պառլամենտական բանավեճերից: Սա բացառիկ իրողություն է, պարզապես մենք սա գնահատելու ենք այն ժամանակ, երբ կունենանք բավականաչափ հեռավորություն` նայելու համար այս բարդ խճանկարին»,- գրել է նա: