Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու իր արածների համար, սկզբում վերբալ պատասխան է տալիս, հետո արդեն՝ վերբալ պատասխանից կախված: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին:
Հաճախ հնչող դիտարկմանը, թե ինչ են անելու իշխանական պատգամավորները, եթե մի օր պաշտոն չունենան, Ալեքսանյանը պատասխանեց. «Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա: Գիտե՞ք ինչու, որովհետև մենք հիմա ԱԱԾ-ին չենք ուղարկում, որ մեր սիրած աղջկան մոտեցող տղայի գլուխը ջարդի, որ մեր տղայական ու անձնական հարցերը լուծի: Մեր հարցերը էլի մենք ենք լուծում, էլի ինքներս ենք անում: Ոնց կարողանում ենք, լուծում ենք: Փողոցից սկսած, դպրոցական տարիքից սկսած, մանկապարտեզից սկսած՝ այս դահլիճի այս կողմում նստած մարդիկ ինքնուրույն են հարցերը լուծում (ցույց է տալիս իշխանական խմբակցության պատգամավորական աթոռները - խմբ.)»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթի շրջանակում իշխանությանն ուղղված մեղադրանքներին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը: Արշակյանը պահանջեց տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում` պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից»: Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց: