Ո՞ւր թռավ Լևոն Քոչարյանը՝ փոքրիկ իշխանը։ Խոսեց փախա՞վ։
Այս խոսքով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթն սկսեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հրմշտոցին:
«Լևո՛ն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից՝ ձեր ամբողջ խմբակցությանն ուղղված, իմացիր, որ հաջորդ հարցուպատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որովհետև արտահայտելու են ձեր ողջ էությունը, ձեր ապրած կյանքի մասին էլ։
Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ երեխաները իրենց ծնողների արարքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ երեխաներն իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունը վերցնելու։
Ուրեմն լսի՛ր, Լևոն Քոչարյան, ականջներդ ձգի ու լսի, երբ որ գալիս ես էստեղ, ծեծերից ես խոսում, սրանք քաշքշեցին, ինձ մեքենայի մեջ, վայ-վայ, քաշքշեցին, թևերս ցավաց և այլն, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր մարդկանց զուգարանում ծեծում, ու էլ զուգարանից դուրս չէին գալիս, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էին մարտի 1-ին դիմահար կրակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր Մեղրին փոխանակում Ղարաբաղի հետ, կհարցնես՝ ոնց էր Ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիներին ձեզ ինչ էին ասում ՀՀ շարքային, ազնիվ քաղաքացիները, ում թալանում էիք առավոտից երեկո։
Մի հատ էլ եկել է այստեղ ժպիտով ասում՝ մեզանից ապօրինի գույքեր ...
Մարդը կարդում, կարդում է, չի ավարտվում ձեր այդ ապօրինի գույքը, արա՛, հազարավոր մարդկանց կյանքի փող եք լափել ու կերել:
Ո՞վ եք դուք, որ եկել էստեղ խոսում եք կոռուպցիայից, մարդու իրավունքների խախտումներից, թալանից, կառավարումից: Ձեր կառավարումը տեսանք: Հեղափոխությունից հետո մի ամիս էլ չհասցրեցիք աշխատել: Ձեր ապիկարությունը տեսանք:
Վարչապետը հրապարակային ձեզ դուրս է շպրտել կառավարությունից: Դա է մեր վերջնական ու հստակ գնահատականը ձեր կառավարմանն ընդհանրապես»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ թալանածը հատիկ-հատիկ վերադարձվելու է պետությանը:
Անդրադառնալով մարդու իրավունքների քննարկմանը՝ նշեց՝ ընդդիմությունը մարդու բոլոր հնարավոր իրավունքները ասպատակում է, ընդգծեց՝ հիմա էլ ընկել են կրթվելու իրավունքի հետևից:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վիճեցին, այնուհետ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց: