Հարգելի՛ ընդդիմություն, ինչքան գովերգում եք Ռոբերտ Քոչարյանին, այնքան ավելի խորն եք փորում ձեր քաղաքական փոսը, այն փոսը, որն 80 սմ էր, հետո սարքեցիք 1 մ 80 սմ, հիմա սարքում եք 2 մ 80 սմ, որ էլ տեղից չկարողանաք դուրս գալ, քաղաքականությամբ զբաղվել: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 14-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
«Ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանն ունի 4 մլրդ դոլարի կարողություն, ինչո՞ւ չեք բացահայտում: Կբացահայտենք, անհո՛գ եղեք: Բա եթե չենք բացահայտում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամնե՞րն էին գլուխները կախ բերում իրենց գողոնը հանձնում պետությանը: Բերելու ենք, վերցնելու ենք հատիկ առ հատիկ:
Ոչ մի գողացող չի պլստալու: Հասկանում եմ անհանգստությունը, նաև ոգևորությունը: Դե մտածում եք՝ ո՞նց անենք՝ սրանք իշխանության չլինեն, մենք էլ մեր փողերը վայելենք: Գողացված գումարը չի վայելվելու»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում իր ղեկավարած ոլորտի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքի անդամներից հօգուտ ՀՀ-ի բռնագանձման ենթակա՝ դատարանում ներկայացված հայցագինը: Ըստ այդմ՝ հօգուտ ՀՀ-ի պահանջվում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 մլն դոլար, 985 մլն դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1,4 մլն դոլարի ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 մլն դոլարի, 8,3 մլրդ դրամի, 261 մլն ռուբլու և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ: