Անհայտ կորած զինծառայողների ծնողների հետ ամենօրյա շփումների մեջ ենք, գրեթե ամեն շաբաթ, երևի թե շաբաթը մի քանի օր բոլորին անձամբ ընդունում եմ, այսինքն՝ ընդունում եմ այն մարդկանց, որոնք գալիս են: Կապ չունեն օրվա ժամը, իմ զբաղվածությունը: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե անհայտ կորած զինծառայողների ծնողները բավարարված չեն քննչական մարմնի աշխատանքից:
«Ցանկացած պահին ընդունում եմ ծնողներին, ժամերով քննարկում ենք: Ներկա է լինում նաև կոնկրետ քննչական խմբի ղեկավարը, վարույթ իրականացնող մարմինը: Տրամադրում ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, որը պահանջում են, և օրենքով այդ տեղեկատվությունը մատչելի է դատավարության մասնակցին: Լսում ենք ծնողի միջնորդությունները, նույնիսկ բանավոր միջնորդություններ ենք քննարկում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ նորություն կա անհայտ կորած զինծառայողների գործերով, ՔԿ նախագահը տեղեկացրեց, որ այս պահին էլ այդ գործերով ակտիվ նախաքննություն է իրականացվում, և որ բազմաթիվ փորձաքննություններ են ընթանում:
«Քննչական գործողությունների կատարման արդյունքում ունենք նաև նույնականացված անձինք, որոնց ծնողները համաձայնել են և հուղարկավորել են զինծառայողներին»,- ասաց նա: