Վաշինգտոնը կարծում է, որ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում հաջորդ կարևոր քայլը պետք է լինի Մոսկվա-Կիև ուղիղ շփումը, առանց դրա Միացյալ Նահանգների միջնորդական դերը կբարդանա՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Ռուսաստանը բանակցություններում չափազանց շատ բան է պահանջում: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ Մոսկվան հավանաբար ցանկանում է հասնել կարգավորման: ԱՄՆ փոխնախագահը նշել է՝ հարկավոր է հաշվի առնել նաև Կիևի ցանկությունները:
«Վաշինգտոնը փորձում է կենտրոնանալ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության վրա և հեռանալ կարճաժամկետ հրադադարի գաղափարից», - հավելել է նա:
Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բաց է ամբողջ աշխարհում միջուկային զենքի կրճատման շուրջ քննարկումների և այդ թեմայով Ռուսաստանի և Չինաստանի հետ բանակցությունների համար։ Նաև, ըստ Ջեյ Դի Վենսի, եթե Իրանը միջուկային զենք ստանա, այլ երկրներ էլ կարող են հետևել Իսլամական Հանրապետության օրինակին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա», - նշել է փոխնախագահը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը դեմ չէ Իրանի միջուկային էներգետիկայի զարգացմանը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։