ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Երևանի Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ, հետաքրքրվելով՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետը նրան աշխատանքից ազատելու կաշկանդվածություն ունի, որ չփլուզվի «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիան:
«Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանն («Հանրապետություն» կուսակցության ղեկավար - խմբ.) արդեն հայտարարել է, որ եթե նույնիսկ նման որոշում կայացվի, կոալիցիոն չի փլուզվելու և ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ»,- ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ աշխատանքից չազատվեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, ԱԺ նախագահը նշեց՝ պաշտոնը վայր դնելը և կոալիցիան բաժանելը տարբեր բաներ են, երկրորդ՝ դա որևիցե կերպ չի նշանակում, որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է:
«Նման մտավախություն չկա: Նրանք մեր գործընկերներն են, մենք նրանց հարգալից ենք վերաբերվում, և պարոն Սարգսյանի բոլոր հիմնավորումները համարում եմ ճիշտ ու տեղին:
Բայց միևնույն ժամանակ, քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակսսւթյուն է պետք և այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը, պարոն Սարգսյանը, վստահ եմ, որ եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժի համար դա միայն դրական կլինի հաջորդ ընտրություններում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել: