Բնակարանային գողությունների և կոնկրետ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով դեպքերի որոշակի աճ ունենք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Հատկապես վերջին ժամանակահատվածում ինտենսիվացրել ենք թե՛ բնակարանային գողության մասով, թե՛ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով աշխատանքները: Բացահայտել ենք մի շարք խմբեր, որոնք հենց այդպիսի գողությունների մեջ են ներգրավված եղել, ըստ այդմ՝ հանցավորության մի մեծ շղթա է բացահայտվել:
Կատարված աշխատանքները չենք գնահատում բավարար: Այո՛, կատարված գործողություններն անհրաժեշտ են, բայց դեռ անելիքներ շատ ունենք»,- ասաց նա:
Նախարարը նաև հիշեցրեց, որ առաջիկայում պատգամավորական նախաձեռնության արդյունքում հասանելիություն են ստանալու պետական մարմինների և ՏԻՄ-երում առկա տեսախցիկային համակարգերին, որը կարևոր գործոն է հանցագործությունների բացահայտման տեսանկյունից:
«Առաջիկայում թե՛ բովանդակային, թե՛ վիճակագրական առումով կնկատեք, որ է՛լ ավելի դրական արդյունքներ ենք գրանցելու»,- ասաց նա: