ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ժամանակակից արդարադատության նորագույն գործիք համարեց էթիկական արհեստական բանականության զարգացումը՝ նշելով, որ այն կարող է բարձրացնել դատարանների արդյունավետությունը դատական նախադեպերի հսկայական բազաները հետազոտելու միջոցով:
«Իրավական տեղեկատվությունը հասարակության լայն շերտերի համար կարող է ավելի մատչելի դառնալ արհեստական բանականության շնորհիվ»,- հավելեց ԲԴԽ թեկնածուն՝ չբացառելով նաև ԱԲ-ի «եզակի վտանգները»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ ի՞նչ գնահատական կտար հատկապես քրեական գործեր քննող դատարանների գործունեությանը 10 բալանոց սանդղակով, Անահիտ Աբրահամյանն արձագանքեց, որ դատական համակարգի անկախությունը վաղ է լիարժեք 10 միավոր գնահատել՝ հաշվի առնելով նաև այս հարցի վերաբերյալ միջազգային մոնիթորինգային կարծիքները:
«Մենք կարող ենք մեր դատական համակարգն ընկալել լիարժեք անկախ, բայց փաստերը վկայում են այլ բան: Մենք շատ անելիք ունենք, և այդ անելիքը պետք է սկսվի յուրաքանչյուր դատավորի ներսից»,- ասաց նա: