Շատ վատ միջադեպ է տեղի ունեցել: Իհարկե պաշտոնյան պետք է զսպի իրեն՝ չնայած ակնհայտ սադրանքներին և սադրանք իրականացնելու նպատակին: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
«Հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է, դա պետք է իրենց որոշումը լինի: Կարծում եմ, որ իրենք իրենց հայտարարությունն արել են,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց,- երբ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ, շատ դժվար է ինքնատիրապետել: Պետական պաշտոնյան պետք է այդ ինքնատիրապետումն ունենա, բայց երբ չի լինում, պետք է այդ համարձակությունն ունենա՝ ներողություն խնդրելու կամ ինչ-որ ձևով դրան արձագանքելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում
ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։
1Lurer.am-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու: