Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։
Հանդիպման ժամանակ Կալասը նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ։ Ընդգծելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում հաջող և արդյունավետ համագործակցությունը՝ Կայա Կալասը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես հուսալի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Անդրադառնալով տրանսպորտային կապերի թեմային՝ նա ընդգծել է այդ համատեքստում Ադրբեջանի դերի կարևորությունը աշխարհաքաղաքական տարածքում։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության ապահովման հարցերի շուրջ։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքներով քայլեր են ձեռնարկվում, և քննարկումներ են ընթանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է.
«Բրյուսելը ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Մենք ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը, կայունության ապահովմանն ու խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստային մասի համաձայնեցումը։ Հուսով եմ, որ հերթական քայլերն ավելի արդյունավետ կլինեն»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ մեկ անգամ ևս կրկնել է Բաքվի դիրքորոշումը, թե իբր Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է դադարեցվի: