ՌԴ նախագահը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել: Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մարդասիրական նկատառումներով այսօր 18.00-ից դադարեցնում է ռազմական բոլոր գործողությունները մինչև ապրիլի 21-ը:
«Հուսով ենք՝ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները և հակառակորդի սադրանքները», - հավելել է Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ հրադադարի մասին որոշումը ցույց կտա, թե որքան անկեղծ է Կիևի պատրաստակամությունը՝ մասնակցելու ուկրաինական ճգնաժամի բուն պատճառները վերացնելուն ուղղված խաղաղ բանակցությունների գործընթացին։
«Մոսկվան միշտ պատրաստ է եղել դրան և ողջունում է այդ հարցում ամերիկյան կողմի՝ նախագահ Թրամփի, մեր չինացի ընկերների, ԲՐԻՔՍ-ի և մյուսների ձգտումը», - եզրափակել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովը զեկուցել է, որ Կուրսկի մարզի 99.5 տոկոսը վերադարձվել է ռուսական վերահսկողության տակ:
«Մնացել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող 2 տարածք, այնտեղ մարտերը շարունակվում են»,- մանրամասնել է Վալերի Գերասիմովը:
Նա հավելել է, որ Բելգորոդի մարզում էլ ուկրաինական սակավաթիվ ուժեր կան, որոնք աստիճանաբար հետ են մղվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել՝ 246-ը 246-ի դիմաց։ Նաև Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 31 վիրավոր ռազմագերու, իսկ Ուկրաինան Ռուսաստանին՝ վիրավոր 15 ռուս զինվորականի: Փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։