Այսօր Ադրբեջանի և Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ այսպես կոչված «Միջին միջանցքը» Հարավային Կովկասում անցնելու է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով. մենք այս ծրագրում Հայաստանի ներառման համար ինչ-որ քայլեր անո՞ւմ ենք՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
«Ակնհայտորեն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հեղինակել, նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, հենց նաև այս նոր փնտրվող կամ հաստատվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է, և ոչ միայն Հայաստանի կողմից, այլև ամբողջ Հարավային Կովկասի կողմից. դա կարող եք ասել «Միջին միջանցք:
Բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են, որ «Խաղաղության խաչմերուկը» «Միջին միջանցքի» ճյուղ է, համանման եվրոպական նախագծեր կան: Ամբողջ աշխարհն այս օրերին նոր լոգիստիկ ուղիների հնարավորությունների փնտրտուքի մեջ է, և մեր «Խաղաղության խաչմերուկը» հիանալի կերպով տեղավորվում է այդ կոնցեպտների մեջ: Ես ավելին ասեմ. հանրահայտ է, որ մենք շատ կառուցողական, պրակտիկ առաջարկ ենք արել. փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին, և եթե դրական պաշտոնական պատասխան լինի, մենք կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և «Միջին միջանցքին» կապվելուն՝ նույնիսկ չզուգակցելով այդ գործընթացը մեր խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման հետ»,- ասաց Արարատ Միրզոյանը: