Բուլղարիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն մաեստրո Պլամեն Կարտալոֆի հետ՝ քննարկելու հայ-բուլղարական մշակութային համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲԸՄ Սոֆիայի պատվավոր նախագահ Սոնյա Ավակյան-Բեդրոսյանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բուլղարիայի հարուստ մշակութային ավանդույթների վերաբերյալ և ընդգծել մշակութային դիվանագիտության կարևոր դերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի և փոխըմբռնման ամրապնդման գործում։
Հատուկ ուշադրություն է դարձվել Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի և Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի միջև համագործակցության հեռանկարներին։ Կողմերը քննարկել են ինստիտուցիոնալ գործընկերության հաստատման, արվեստագետների և ստեղծագործական մասնագետների փոխանակման, համատեղ ներկայացումների և բեմադրությունների կազմակերպման, ինչպես նաև երկու երկրների միջև գեղարվեստական երկխոսությունը հարստացնող համագործակցային մշակութային նախագծերի իրականացման հնարավորությունները։
Դեսպան Համբարձումյանն ընդգծել է Հայաստանի օպերային վաղեմի ավանդույթները և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Բուլղարիայի առաջատար մշակութային հաստատությունների միջև ավելի սերտ համագործակցությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Տնօրեն Պլամեն Կարտալոֆը ողջունել է հայկական մշակութային հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել գեղարվեստական փոխանակումները և մշակութային երկխոսությունը խթանելուն ուղղված հնարավորություները։