Պակիստանի արտգործնախարարությունն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հարկավոր է վերսկսել տեխնիկական բանակցությունները՝ իր միջնորդությամբ հունիսին ձեռք բերված փոխըմբռնման հուշագրին համապատասխան:
Միացյալ Նահանգների և Իրանի միջև արդեն հինգ օր է՝ ռազմական գործողությունները չեն դադարում: ԱՄՆ-ն թիրախավորել է Իրանի ափամերձ պաշտպանության օբյեկտները և հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կայանքները: Ահվազում ամերիկյան հարձակումների պատճառով մանկական ուռուցքաբանական հիվանդանոցից տարհանվել է 211 հիվանդ: Իրանը սա որակել է որպես պատերազմական հանցագործություն:
Ըստ Իրանի առողջապահության նախարարության՝ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով երկրում 35 մարդ է զոհվել, 300-ը՝ վիրավորվել:
Իրանն էլ պատասխանել է՝ թիրախավորելով Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան օբյեկտները: Անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել նաև Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում:
Զուգահեռ շարունակվում է Իրանի ծովային շրջափակումը: Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ հարված է հասցվել լցանավի, որը փորձել է նավարկել դեպի իրանական նավահանգիստներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ եթե երկրի ենթակառուցվածքներին հարվածելու ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա Թեհրանը կոչնչացնի տարածաշրջանում ամերիկյան ամբողջ ենթակառուցվածքը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ երկրի անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցում Իրանի վերահսկողության պահպանումից: Նրա խոսքով՝ Իրանն ԱՄՆ-ի հետ կենսական և գոյաբանական պատերազմ է մղում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ շուտով Իրանը կպարտվի: Միևնույն ժամանակ նա պնդել է՝ Թեհրանը շատ է ցանկանում հասնել կարգավորման:
«Տեսնենք՝ համաձայնության կհասնե՞նք նրանց հետ, թե՞ պարզապես նրանց վերջը կտանք», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ փոխնախագահն էլ նշել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկել Իրան՝ երկրում իշխանափոխության հասնելու համար: Եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ընդվզել և փոխել իր կառավարությունը, դա նրանց գործն է, ընդգծել է Ջեյ Դի Վենսը: