Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը կիրառեց 15 մլն դրամի չափով գրավ։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ, ինչից հետո Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր:
Ըստ մեղադրանքի՝ Վարդան Ղուկասյանը, լինելով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4 մլն դրամ կաշառք, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք:
Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք էր ներկայացվել դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար: