Շաբաթներ առաջ վարչապետի գլխավորությամբ քննարկել ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որը պիտի հաստատվի Կառավարության որոշմամբ առաջիկա օրերին: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը վերաբերում էր անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածվածության դեմ պայքարին:
«Մենք այն համոզմանն ենք, որ անչափահասներին նմանատիպ բացասական հակվածությունից զերծ պահելը չափազանց կարևոր է հետագայում ավելի դրական արդյունքներ արձանագրելու տեսանկյունից։ Եվ հենց այս տարիքում կոնկրետ մեխանիզմների նախատեսումը շատ կարևոր է:
Ասեմ, որ միջազգային պրակտիկայում մենք երկու մոտեցումն էլ ունենք, այսինքն՝ կա թե՛ պարտադիր թեստավորման սքրինինգային թեստերի համակարգը, և կա կամավոր թեստավորման համակարգը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ երկու համակարգերն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը, այսինքն՝ չկա մեկ միասնական ընդունելի ձևաչափ:
«Բայց պարտադիր, համատարած բոլորին թեստավորելու տրամաբանությունն ինձ մոտ առնվազն այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, որ Հայաստանի բոլոր անչափահասները ներգրավված են թմրամիջոցների շրջանառության պրոցեսում, ինչը էդպես չէ, պարոն Նազարյան:
Իհարկե, մենք տարբեր մտահոգություններ արտահայտում ենք անչափահասների կողմից թմրամիջոցանման նյութեր օգտագործելու կամ թմրամիջոց օգտագործելու դեպքերի մասով, բայց վիճակագրությունը փաստում է, որ մենք ունենք շուրջ՝ միջինում 10 անչափահաս, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով կամ հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում՝ որպես այդպիսի հակվածություն ունեցող»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ավելի նպատակահարմար է գնալ կամավոր թեստավորման տրամաբանությամբ և ունենալ մեկ միասնական բազա, որտեղ ծնողները հնարավորություն կունենան գրանցել իրենց կամարտահայտությունը՝ երեխաներին հնարավոր կամավոր թեստավորում իրականացնելու վերաբերյալ։
«Պետք է սկսենք ինչ-որ մի կետից, բայց այդ կետը պետք է լինի այնպիսին, որ բացասական հետևանքները չլինեն շատ, և մենք կարողանանք հասնել մեր նպատակին ճիշտ ճանապարհով»,- ասաց Արփինե Սարգսյանը։