ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը մինչև ապրիլի 2-ը հետաձգելու մասին։ Նրա ստորագրած հրամանագրի համաձայն՝ խոսքը վերաբերում է այն ապրանքներին, որոնք գտնվում են եռակողմ առևտրային համաձայնագրի ներքո։
Թրամփը նշել է, այդ ամսաթվից հետո ճշգրտումներ չեն լինի։ Նրա խոսքով՝ տուրքերի մասին որոշումը կայացվել է ամերիկյան ավտոմոբիլային ընկերություններին չվնասելու համար։
Կանադան էլ, ի պատասխան Վաշինգտոնի, մինչև ապրիլի 2-ը կասեցրել է ԱՄՆ-ից ավելի քան 4 հազար ապրանքատեսակի համար մաքսատուրքերի սահմանման երկրորդ փուլը։ Այնուամենայնիվ, Կանադայի սկզբնական պատասխան մաքսատուրքերը Միացյալ Նահանգների դեմ կմնան ուժի մեջ: Օտտավան ընդգծել է, որ իրենք շարունակում են աշխատել բոլոր սակագների վերացման ուղղությամբ։
Հինգշաբթի Դուգլաս Ֆորդը՝ Կանադայի ամենաբնակեցված Օնտարիո նահանգի ղեկավարը, հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից՝ ի պատասխան Թրամփի սակագնային պլանների, Օնտարիոն 25%-ով ավելի կգանձի մոտ 1,5 միլիոն ամերիկացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի համար։ Ներկայումս Օնտարիոն էլեկտրաէներգիա է մատակարարում Մինեսոտայի, Նյու Յորքի և Միչիգանի մի շարք տներին:
«Որոշ սակագների դադարեցումը ոչինչ չի նշանակում: Քանի դեռ նախագահ Թրամփը վերջնականապես չի հանել մաքսատուրքերի սպառնալիքը, մենք անողոք կլինենք»,- ասվում է Ֆորդի՝ X-ի էջում։