ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում հաստատել է, որ մտադիր է մարտի 4-ից Մեքսիկայից և Կանադայից ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել։
Բացի դրանից՝ նրա խոսքով, նույն օրվանից Չինաստանից ապրանքների համար կսահմանվեն «10 տոկոս հավելյալ տուրքեր»։
Միացյալ Նահանգները «շատ շուտով» 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի նաև Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար: «Մենք որոշում ենք կայացրել և դրա մասին կհայտարարենք շատ շուտով, ընդհանուր առմամբ, դա կնշանակի 25 տոկոս, և դրանք կլինեն ավտոմեքենաներն ու բոլոր նման բաները», - նշել է ամերիկյան պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով լրագրողների առջև:
Թրամփը պնդել է, որ Եվրամիությունը ստեղծվել է «ԱՄՆ-ի կյանքը փչացնելու համար, և այդ նրանք հիանալի են կատարել»:
ԵՄ-ն, սակայն, հերքել է Թրամփի քննադատությունը։ «Եվրամիությունն աշխարհի ամենամեծ ազատ շուկան է, և դա օգուտ էր Միացյալ Նահանգներին: ԵՄ-ն վճռականորեն և արագ կպատասխանի ազատ և արդար առևտրի անհիմն խոչընդոտներին, ներառյալ, երբ մաքսատուրքերն օգտագործվում են օրինական և ոչ խտրական քաղաքականությանը մարտահրավեր նետելու համար»,-ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: