Կորեայի հանրապետությունում քաղաքական ճգնաժամը սրվում է: Ընդդիմությունը երկրորդ անգամ հանդես է եկել նախագահին իմփիչմենթի ենթարկելու նախագծով: Քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 14-ին, նախորդն անցկացվել էր դեկտեմբերի 8-ին և ձախողվել իշխող կուսակցության ներկայացուցիչների բոյկոտի պատճառով: Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ փորձել է պաշտպանել ժողովրդավարությունը և շարունակելու է պայքարել մինչև վերջ:
Դեկտեմբերի 3-ին նախագահը Հարավային Կորեայում մի քանի ժամով արտակարգ դրություն էր հայտարարել՝ առաջին անգամ 1979 թվականից ի վեր։ Նախագահը բողոքել է, որ ընդդիմությունը՝ Հյուսիսային Կորեայի աջակցությամբ, ցանկանում է պաշտոնանկ անել իրեն: Անվտանգության ուժերը փակել էին խորհրդարանի մուտքը, սակայն ընդդիմությունը կարողացել էր ներս մտնել և քվեարկել Յուն Սոկ Յոլի որոշումը չեղարկելու օգտին: Ինչից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Յուն Սոկ Յոլն այժմ մեղադրվում է պետական դավաճանության և հեղաշրջման փորձի համար: