Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնի, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության և սահմանապահ զորամասի ծառայողների հետ: Ապրիլի 9-ին Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում, քարե պատնեշին հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով փորձել էին իրացնել և ներկրել Հայաստան:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը երեկոյան կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվեց հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով` 4,63 կգ ընդհանուր քաշով:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նույն կազմով համագործակցության արդյունքում ապրիլի 12-ին նույն վայրում հայտնաբերվեց կպչուն ժապավենով իրար կպցրած երկու փաթեթ: Մեկը լցված էր մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման 110 գրամ զանգվածով, մյուսը` մարիխուանայի նմանվող 612 գրամ զանգվածով:
Նշված տարածքում էր նաև 34-ամյա մի տղամարդ, որը նշված զանգվածները դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով Իրանից ներկրել էր Հայաստան: Այստեղ էր նաև նրա վարած «Հյունդայի ակցենտ» մակնիշի ավտոմեքենան:
Հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 01.55-ին տղամարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց Մեղրիի բաժնի ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթով կատարվում է նախաքննություն:
Նույն վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ոստիկանության Արտաշատի և Կապանի բաժինների ծառայողների հետ, ապրիլի 17-ին՝ ժամը 22.45-ին, Երևան-Երասխ ճանապարհին գտնվող գազալցակայանում հատնաբերեցին և ձերբակալեցին առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդու: Իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նա տեղափոխվեց նախ Արտաշատի, ապա` Կապանի բաժին: Ապրիլի 9-ից նա հետախուզվում էր հենց Կապանի բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։