Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար Նահյան բին Մուբարաք ալ Նահյանի հետ: Հանդիպումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրություններ նախարար Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակներում։
Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-էմիրաթական հարաբերությունների դինամիկ զարգացումը:
Անդրադառնալով հումանիտար և մշակութային բնագավառներում երկկողմ փոխգործակցության հարցերին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-էմիրաթական միջմշակութային երկխոսության խորացման կարևորությունը՝ բարձր գնահատելով ԱՄԷ իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ։
Գոհունակությամբ նշվել է նաև ՀՀ և ԱՄԷ գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։