Մինչև օգոստոսի 13-ը ՀՀ որոշ տարածքներում սպասվում է +40...-+42 աստիճան տաքություն: Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս ամենով պայմանավորված՝ առաջիկա օրերին կարող են ծագել հրդեհային անվտանգության խնդիրներ:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հրդեհների հիմնական պատճառը մարդածին գործոնն է, դրանք մարդկային գործունեության հետևանք են, ուստի դիմեց քաղաքացիներին. «Կոչ եմ անում, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի՝ հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ: Հրշեջ-փրկարարները միշտ պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, բայց ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ ու մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Ո՛չ մի վերահսկողություն, ո՛չ մի տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե մեր քաղաքացիները և կազմակերպությունները չգիտակցեն դրա կարևորությունը»:
Արսեն Մկրտչյանը նաև հրապարակեց Փրկարար ծառայության հորդորը՝ ուղղված քաղաքացիներին: Ըստ այդմ՝ բուսածածկ և անտառածածկ տարածքներում իրենց հանգիստը կազմակերպելիս արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում, իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է վառեն, ապա վառեն բաց տարածքներում, և հեռանալուց հետո համոզված լինեն, որ կրակը հանգել է: Հանգցնել հողով կամ ջրով:
Արգելվում է նետել չմարված լուցկի, ծխախոտի մնացորդներ, արգելվում է ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված տարաների և մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի ու խոզանի այրում:
Արգելվում է բաց տարածքում թողնել շշեր, ապակու կտորների, քանի որ դրանք արևի ճառագայթի ֆոկուսացման հետևանքով հնարավոր է՝ հրդեհի պատճառ դառնան:
Նա նաև նշեց, որ տոն օրերին և շաբաթ-կիրակի անտառտնտեսության տարածքներում իրականացվում է հերթապահություն նաև ԱԹՍ-ների միջոցով:
«Երեկ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ղեկավարն է ՓԾ տնօրենը, ներգրավված են մի շարք գերատեսչություններից պաշտոնատար անձինք: Դրա նպատակն է հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման և արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը»,- ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն իր հերթին նշեց, որ կարևոր է բռնկված հրդեհի դիրքը և տարածքի կլիման, քանի որ հրդեհները նաև քամու միջոցով են տարածվում՝ մուտք գործելով անտառային շերտեր:
«Մեր հիմնական խնդիրը թույլ չտալն է, որ այդ հրդեհները մեծ տարածում ունենան»,- ասաց Սևակ Մարկոսյանը՝ ընդգծելով, որ տարածման դեպքում դրանք կարող են անկառավարելի դառնալ: