Հանդիպման վայրը պատահական չի ընտրվել՝ Պրահայի ռազմական պատմության ինստիտուտում է կայանալու վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ու Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չերնոխովայի հանդիպումը։
Ռազմական նման բարձր պաշտոն ունեցող կնոջ հետ սա առաջին հանդիպումն է՝ կարևոր ու հաճելի հանդիպում՝ ընդգծեց Աննա Հակոբյանը։ Կին պաշտպանության նախարարն էլ իր հերթին վստահեցրեց՝ պետք է ապացուցել, որ կանայք ընդունակ են զբաղեցնել բարձր և պատասխանատու պաշտոններ: Հաճելի և ուրախալի է, երբ նման կարևոր հանդիպումը տեղի է ունենում Չեխիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակի տարում:
Պաշտոնական ողջույնին հետևում է կանանց առանձնազրույցը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործընկերոջը ներկայացրեց հոկտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի մանրամասները և հրավիրեց Յանա Չերնոխովային հոկտեմբերին ժամանել Հայաստանի մայրաքաղաք ու մասնակցել գագաթնաժողովին: Գաղափարը շատ լավն է՝ նկատեց Չեխիայի պաշտպանության նախարարը։
Վարչապետի տիկնոջ խոսքով՝ աշխարհի տարբեր անկյուններում հաճախ խոսում են կնոջ դերի և պատերազմների դրական հանգուցալուծման վրա նրանց ազդեցության մասին` առաջնորդվելով 2000 թվականին ընդունված ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևով։ Այն ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը»: Աննա Հակոբյանը ընդգծեց, սակայն, որ այս բանաձևի կիրառումը իրական կյանքում հազվադեպ է հաջողվում։ Վստահ է՝ նախատեսվող միջազգային գագաթնաժողովը քիչ թե շատ իրականություն կդարձնի բանաձևի դրույթները:
Այսօր, երբ պատերազմն ու կոնֆլիկտներն անհերքելի իրողություն են աշխարհում, կանայք շատ բան կարող են փոխել՝ շարունակեց Աննա Հակոբյանը: Գործելն ավելի կարևոր ու նպաստավոր է, քան ոչինչ չանելը՝ շեշտեց նա։
Գագաթնաժողովը կլինի մի հարթակ, որտեղ կանանք կհամախմբվեն մեկ վայրում, կզրուցեն տարբեր թեմաների շուրջ, սակայն ոչ քաղաքական։ Այն կանայք, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել գագաթնաժողովին, ժամանելու են որպես կին, այլ ոչ որպես քաղաքական գործիչ՝ գագաթնաժողովի նպատակը ներկայացրեց Աննա Հակոբյանը։
Զրույցից հետո Յանա Չերնոխովան Աննա Հակոբյանին հրավիրեց Պրահայի ռազմական պատմության ինստիտուտ` շրջայցի: Չեխիայի պաշտպանության նախարարը վստահ է՝ թանգարանը վարչապետի տիկնոջ համար ավելի հետաքրքիր կլինի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տեղյակ է` Աննա Հակոբյանը կազմավորած ջոկատ ունի։
Մի քանի սրահներով թանգարանը ներառում էր Չեխիայի ամբողջ ռազմական պատմությունը։ Թագավորների ու զինվորների հանդերձանքներ, զենքեր, անձնական իրեր։ Առանձին սրահներում ներկայացված էին նաև Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակաշրջանները։
Աննա Հակոբյանը շրջայցի ավարտին հույս հայտնեց, որ Չեխիայի պաշտպանության նախարարին աշնանը կհանդիպի նաև Երևանում։