ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱլԳ 2023 թ. տարեկան աշխատանքային պլանը: ԱլԳ և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները կիսվել են իրենց առաջարկություններով և իրենց գոհունակություն հայտնել աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Արա Մարգարյանն ընդգծել է ԱլԳ ծրագրերի ներառողականությունը որպես ծրագրի իրականացման հիմնական նախապայման:
Իր ելույթում Արա Մարգարյանն անդրադարձել է ԱլԳ Տնտեսական և ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված հինգ ուղենշային նախաձեռնություններին և դրանց կարևորությանը Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ երկրի դիմադրողականությունը բարձրացնելու տեսանկյունից:
Օրակարգի՝ ԱլԳ տարածաշրջանում անվտանգության և արժեքների հարցերի նվիրված կետի ներքո քննարկմանը Արա Մարգարյանը կարևորել է համընդհանուր եվրոպական արժեքների հարգումն ու պաշտպանումը անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում:
Նա վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում։ Նա նաև անդրադարձել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերին՝ տարածաշրջանում կայունության պահպանման գործում: