Նովրուզ փիրուզ բադ...
Իրանցիները միմյանց այսպես են շնորհավորում Նոր տարվա առթիվ, որը տոնում են գարնանային գիշերահավասարի ժամանակ: Շատերը նախընտրում են Նովրուզն անցկացնել Հայաստանում, թեպետ տուրիստական գործակալություններն այս տարի զբոսաշրջիկների պասիվություն են արձանագրել:
Սևակ Դավուդյան (տուրիստական ընկերության փոխտնօրեն) - Կարող եմ ասել՝ 5-6 անգամ ավելի քիչ ամրագրում ենք արել:
Դա առաջին հերթին կապված է իրանական ռիալի արժեզրկման հետ, նշում է զբոսաշրջային ընկերության փոխտնօրենը:
Սևակ Դավուդյան - Անցած տարի մոտավորապես 24 հազար թուման էր 1 դոլարը, իսկ այս տարի` մոտ 50 հազար:
Հայաստանում էլ դրամն է արժևորվել, ինչն իր հերթին պատճառ է դարձել, որ զբոսաշրջիկների համար այստեղի ծառայությունները դոլարով ավելի թանկ լինեն: Տոնականությունը նույնպես այս տարի քիչ է: Նախկինում իրանցի արտիստների 3-4 համերգ էր լինում Հայաստանում: Հիմա մեկն էլ չկա: Դարձյալ՝ տոմսի կրկնակի գնի պատճառով:
Սևակ Դավուդյան - Օրինակ՝ անցած տարի հայկական ավիաընկերությունը ամեն օր թռիչք էր դրել: Բացի Թեհրանից, նաև թռիչք էր դրել Ռաշտ քաղաքից: Նովրուզի համար երեք թե չորս հատ թռիչք էր դրել: Իսկ այս տարի շաբաթական երեք հատ են թռչում, իրանականները... «Ղեշմ էյր»-ը շաբաթը երկու հատ էր, «Էրթուր»-ը նույնպես շաբաթական երկու հատ էր: «Ղեշմ էյր»-ը երկու հատ թռիչք հավելյալ ավելացրել է Նովրուզի կապակցությամբ:
Իրանցի զբոսաշրջիկներն այս տարի կրճատել են թե՛ Հայաստանում մնալու տևողությունը, թե՛ շրջագայությունների ուղղությունները:
Տուրիստական ընկերության փոխտնօրենի խոսքով` այս տարի ավելի քիչ զբոսաշրջիկներ էին սպասվում Իրանից. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո շատերի զբոսաշրջային ուղղությունը փոխվել է դեպի Հայաստան:
Զբոսաշրջային կոմիտեն այս Նովրուզին Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների վերաբերյալ վիճակագրություն կհրապարակի ապրիլին:
2022 թվականի մարտին Իրանից Հայաստան է եկել մոտ 12.400 զբոսաշրջիկ, 2021-ի մարտին՝ մոտ 5000: 2020-ի նույն ամսին՝ 428, իսկ 2019-ի մարտին՝ մոտ 11.350:
2020-ի փոքր թիվը պայմանավորված է քովիդի համավարակի շրջանով:
Իսկ տարեկան ցուցանիշները այսպիսին են՝
2022 թվականին՝ մոտ 118.000 զբոսաշրջիկ, 2021-ին՝ 9000-ից ավելի, 2020-ին՝ ավելի քան 19.000, 2019-ին՝ մոտ 124.000:
Հեղինակ` Աննա Զախարյան