Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում: Ադրբեջանը, ընդ որում, ամբողջ աշխարհին ամենատարբեր առիթներով ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ են ապահովել ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը, բայց միջազգային հարթակներում հնչող այդ նախադասության հասցեատերը կարծես միջազգային հանրությունն է և ոչ այն մարդիկ, ովքեր այդ նախադասության շահառուն են: Այդ նախադասությունն Ադրբեջանի կողմից հասցեագրվում է միջազգային հանրությանը, բայց չի հասցեագրվում ԼՂ հայությանը: Մենք կարծում ենք, որ այդ ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի դառնա ԼՂ հայության շրջանում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ծանր իրողություններով հանդերձ պետք է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը և որակը:
«Դա պետք է սկսել ամենապարզ բաներից: Մեծագույն խնդիր եմ համարում մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և ի վերջո բացառումը»,- ասաց Փաշինյանը: