Արդեն չորրորդ անգամ է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը:
Ֆորումին ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ ցեղասպանությունը միայն պատմական երևույթ չէ, այսօր այն պոտենցիալ սպառնալիք է:
«Ցավոք սրտի, ավելի ու ավելի շատ «ցեղասպանություն» երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի, և ցեղասպանության կանխարգելումն իսկապես դառնում է իրական խնդիր: Այս համատեքստում ՀՀ ներկայացուցիչներս առավել շատ շեշտում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում: Բայց պիտի ընդգծեմ, որ այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ վերջին շրջանում մասնավորապես ԼՂ հայության ներկայացուցիչներն ահազանգ են հնչեցնում պոտենցիալ ցեղասպանության մասին որպես սպառնալիք:
«Կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք: Թվում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ տեսանք ու շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական:
2021 թվականին արդեն մենք ականատես եղանք իրողությունների, երբ ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից սպանվեցին ուղղակի տրակտորի ղեկին գտնվելիս:
Հետագայում մենք ավելի սուր իրողությունների ականատես եղանք, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, և այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի իրողություններով: Մասնավորապես, երբ Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին սպառնում, կոչ անում լքել իրենց բնակավայրերը:
Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, դրա ամենավառ ապացույցներից մեկը Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթն է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն, իմ կողմից նկարագրված իրողությունը ես չեմ կարող գնահատել»,- ասաց Փաշինյանը: