Կառավարության հրավերով Հայաստան կժամանի ԵԱՀԿ-ի Կարիքների գնահատման խումբը: Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 21-27-ը կայանալիք այցի նպատակն է գնահատել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների և միջազգային փորձագետների տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ և խորհրդակցություններ կանցկացնի շահագրգիռ կողմերի հետ:
Ռոբերտ Ղևոնդյան (Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ) - Մոնիտորինգային խումբը գալիս է, որ հաշվառի այն խնդիրները, որոնք կան սահմանամերձ շրջաններում, և հնարավորություններ ստեղծի նպատակային օգտագործել այն օգնությունը, որը կարող է տրամադրվել Հայաստանին հենց սահմանամերձ շրջաններում գործունեություն իրականացնելու համար:
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր ԵԱՀԿ առաքելության ժամանումը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարևոր քայլ է որակում: Այն կարող է արձանագրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունները, իսկ եթե Ալիևը փորձի խոչընդոտել խմբի գործունեությանը, հնարավոր է՝ հետևեն կտրուկ հակաքայլեր՝ նշում է քաղաքագետը:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Դնելու է, անգամ, Ադրբեջանի անդամակցության խնդիրն այդ կառույցում կամ Ադրբեջանի և Արցախի վրա վերատարածելու ԵԱՀԿ-ի մանդատը, որին դիմադրում է Ալիևը:
Հայաստանում մոնիտորինգը կշարունակի նաև Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների հանդիպման արդյունքում՝ հոկտեմբերի 14-ին մեր երկիր ժամանած Եվրոպական միության տեխնիկական գնահատման առաքելության դիտորդների նախնական խումբը:
Ստյոպա Սաֆարյան - Նրանք զեկույց կներկայացնեն Եվրամիությանը և այսուհետև չեն հենվի երկու կողմերում իրենց դեսպանների, դեսպանատների կամ ներկայացուցիչների տրամադրած, շատ դեպքերում հակասական տեղեկատվության վրա:
Թեև ԵՄ դիտորդների խումբն այս օրերին այցելում է սահմանամերձ բնակավայրեր և դիտարկում իրավիճակը, Ադրբեջանը չի դադարում կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն այս քայլով փորձում է խաթարել գործընթացը և հասնել իր նպատակի իրագործմանը:
Ստյոպա Սաֆարյան - Ալիևն ինքն էլ հասկանում է, որ այս միսիան երկարաժամկետ է լինելու, որ այս միսիան սկզբնական թիմն է, որ ավելի շատ կարիքների գնահատման և իրավիճակի վերաբերյալ նախնական զեկույց ներկայացնելու նպատակով է արված, և իր համար պատերազմի միջոցով կամ ուժային եղանակով միջանցք բացելու կամ Հայաստանին պարտադրելու իր պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարներն ամիսներ անց ավելի բարդ են լինելու, դրա համար շտապում է:
Եվրամիության դիտորդների նախնական խմբից բացի՝ սպասվում է նաև 40 հոգանոց դիտորդ-փորձագետների այցը Հայաստան: Եվրոպայի խորհրդի հաղորդագրության համաձայն՝ նրանք կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին:
Ռոբերտ Ղևոնդյան - Հիմնական առաքելությունը ևս կզբաղվի սահմանների դիտարկմամբ, կզբաղվի սահմանային միջադեպերի քննությամբ, որոնք տեղի կունենան այդ ընթացքում, տեղեկատվության տրամադրմամբ, նաև այդ սահմաններին տեղի ունեցող փաստացի իրավիճակի արձանագրում կիրականացնի:
Նախատեսվում է, որ դիտորդները Հայաստանում մնան երկու ամիս, մինչդեռ փորձագետների կարծիքով՝ փոխադարձ համաձայնությամբ, կարող է երկարացվել առաքելության գործողության ժամկետը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան