Սոցիալական մեդիան արգելափակելը հիբրիդային պատերազմի դեպքում արդյունավետ լուծում չէ. հենց սոցիալական հարթակներում են արտաքին աշխարհին կողմնորոշելու համար մղվող հիմնական պատերազմները. պնդումը Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի համակարգող Աննա Նաղդալյանինն է: Վստահության անկում, ապատեղեկատվության մեծ հոսք, մեդիագրագիտության պակաս: Հիբրիդային պատերազմում մեր զբաղեցրած դիրքերը քննարկման սեղանին են: Նաղդալյանը վերջին հարցումներն է ներկայացնում՝ փաստելով` կա վստահության անկում:
Աննա Նաղդալյան (Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի համակարգող) - Դա ոչ միայն գերատեսչություններին է վերաբերում, կա նաև մեդիավստահության անկում, որը արձանագրվել է վերջին հարցման մեջ, հարցվածների 62 տոկոսն ասել է` որևէ քաղաքական գործչի չի վստահում
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանի դիտարկումն է՝ Հայաստանում տեղեկատվական անվտանգության խնդիրները ավելի խորացան պաշտոնական տեղեկատվության նկատմամբ ճգնաժամի պատճառով, որը առաջացավ 44-օրյա պատերազմից հետո:
Գոռ Ծառուկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն) - Եվ մենք ստիպված էինք դրանից հետո փոքր քայլերով վերականգնել որոշակի վստահություն: Սա շատ դժվար է, որովհետև, եթե իրականում լիներ կատարյալ խաղաղ իրավիճակ, գուցե ավելի հեշտ լիներ և կարճ ժամանակում հնարավոր լիներ վերականգնել վստահությունը: Բայց, քանի որ մենք պարբերաբար գտնվում ենք հիբրիդային պատերազմների մեջ, պարբերաբար ենթարկվում ենք ագրեսիայի և տեղեկատվական գրոհների, պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը վերականգնելը բավականին բարդ է
Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը շեշտում է` վստահության այդպիսի հսկայական պակաս կա ամբողջ աշխարհում՝ քաղաքական գործիչների, պետական ինստիտուտների և լրատվամիջոցների նկատմամբ:
Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ) - Քովիդի ժամանակ բժիշկները, գիտնականները ապացուցված փաստեր էին բերում, բայց զգալի մասը հավատում էր ինչ-որ հեռավոր մարզի գիտնականի, որ ձեզ «չիպավորում են»:
Քննարկման մասնակիցների կարծիքով` այս պատերազմում կարևոր դեր է խաղում ինֆորմացիոն վակուումը:
Գայանե Աբրահամյան («Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ) - Եթե տեսնում ենք` որևէ մեկը հասարակության անվտանգութան սպառնացող գործողություն է անում, տեղեկություն անում, որին, սակայն, լսում են, պետք է հակակշռել այլ մեկով, որ ուղղորդեն ճիշտ տեղեկությամբ:
Կարևոր է նաև ոչ միայն մեդիա, այլև կիբերգրագիտության բարձրացումը հանրության ու նաև գերատեսչությունների տարբեր օղակներում աշխատողների մոտ. գերատեսչություններից մեկի սխալը ազդում է ամբողջ համակարգի հանդեպ վստահության վրա:
Գոռ Ծառուկյանը տեղեկացնում է` մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարություն, որն առաջիկայում կհրապարակվի:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան