Reuters գործակալությունը ծանոթացել է փաստաթղթի հետ, որի համաձայն՝ Եվրոպական միության դիվանագիտական ծառայությունն առաջարկել է երեք տարվա ռազմական ու քաղաքացիական առաքելություն՝ լիբանանյան ուժերին խորհրդատվություն տրամադրելու և մարզելու համար։ Աջակցություն ցուցաբերելու հնարավոր առաքելությունը պահանջում է ԵՄ անդամ 27 երկրի հավանությունը։
ԵՄ անդամ պետությունների փաստաթղթում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը նշել է, որ պոտենցիալ առաքելությունը «կունենա երեք տարվա նախնական մանդատ» և «կաջակցի Լիբանանի իշխանություններին տարածքային վերահսկողության և սահմանային անվտանգության ամրապնդման գործում՝ բարելավելով Լիբանանի զինված ուժերի և ներքին անվտանգության ուժերի կարողությունները»։
«Այս նպատակով առաքելությունը կկենտրոնանա ցամաքային սահմանային գնդերի, շարժական ուժերի և տարածաշրջանային ժանդարմերիայի ստորաբաժանումների ամրապնդման, հետախուզության, դիտարկման ու տեղազննման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև ծովային անվտանգության ներուժի ամրապնդման, ներառյալ սահմանների և նավահանգիստների անվտանգության կառավարման վրա»,- ասվում է փաստաթղթում: