Էյփլը իր հավելվածների հարթակից հեռացրել է մեյլ.ռու-ն: Պատճառը Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներն են: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սանկցիաների տակ են հայտնվել նաև ռուսական այլ խոշոր ԱյԹի ընկերություններ: Արևմուտքում սրանք ընկալվում են որպես Մոսկվայի քարոզչության հարթակներ:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Հիմա Վիքիգրուփ կա, որը «Վկոնտակտե»-ն ա, «Օդնոկլասնիկի»-ն ա և մեյլ.ռու-ն: Իրենց բոլոր հավելվածները Էյփլը հեռացրել է իր խանութից ու կարելի է ակնկալել, որ տվյալ հոլդինգը կարող է շատ ավելի լուրջ սանկցիաների տակ ընկնել:
Սամվել Մարտիրոսյանի տվյալով՝ 5-6 տարի առաջ հայաստանյան օգտատերերի մոտ 70-75% օգտվում էր մեյլ.ռու-ից. այն էլեկտրոնային փոստի առաջատար ծառայությունն էր Հայաստանում: Եթե ռուսական հոլդինգը հայտնվի լուրջ արգելափակումների տակ, կարող են տուժել այն մարդիկ, որոնք օգտվում են մեյլից, կամ իրենց մեյլ.ռու-ն կցված էր սոցիալական էջերին ու բանկային հաշիվներին:
Սամվել Մարտիրոսյան - Կարծում եմ՝ հիմա լավ նվազել ա, բայց մեկ ա, գերիշխող դեր ունի, և մարդկանց մեծամասնությունը, կարող ա՝ հիմա իրենք չեն օգտվում մեյլ.ռու-ից, անցել են այլ ծառայությունների, բայց շատ հաճախ լինում ա, որ մարդ Ֆեյսբուքը մի տասը տարի առաջ բացել ա մեյլ.ռու-ի մեյլի վրա, և տենց էլ մնացել ա:
Շատերի համար իրենց էլեկտրոնային փոստը անձնական տվյալների մեծ պահոց է, որտեղ կան տարբեր տեղեկություններ, տվյալներ, նաև զրույցներ այլ մարդկանց հետ: Անձնական տվյալների պաշտպանությանը պետք է ուշադիր հետևել՝ խորհուրդ են տալիս մասնագետները:
Գևորգ Հայրապետյան (ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ) - Մարդիկ պետք է փոխարինեն իրենց էլեկտրոնային մեյլերը, եթե կա ռիսկ, որ դրանք կարող են այլևս հասանելի չլինել, այնինչ դրանք պետքական են: Եթե դրանցում կան տվյալներ, որոնք խիստ անհրաժեշտ են ու պահվում են միայն էդ էլեկտրոնային փոստում, որպես արխիվ է հանդես գալիս, ապա այդ տվյալները հանեն, այլ՝ ավելի ապահով տեղ, դրանց հասանելիությունը հետագայում չկորցնելու համար:
Մեդիափորձագետները խորհուրդ են տալիս՝ էլեկտրոնային փոստի հետ կապված խնդիրների լուծումը չհետաձգել, հատկապես եթե արդեն առաջին նախազգուշացնող նշաններ կան:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան