ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մարզի ուժային կառույցների և Եղեգնաձոր համայնքի ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ այցելել է «Եղեգնաձորյան Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։ Այդ մասին ասված է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Մարզպետը ծաղիկներ է խոնարհել նաև «Եղեգնաձորյան Եռաբլուրում» գտնվող Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Այնուհետ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանի, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արենյանի հետ այցելել և ծաղիկներ են խոնարհել Ջերմուկ քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մասնակցել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ մատուցված պատարագին:
Մարզի մյուս համայնքներում նույնպես իրականացվել են հիշատակի և հարգանքի տուրքի մատուցման արարողություններ»,- ասված է գրառման մեջ: