Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի այն դպրոցները, որոնք սեպտեմբերի 13-ից դադարեցրել էին ուսումնական գործընթացը, կվերսկսեն աշխատանքը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով նշված մարզերի որոշ բնակավայրերում եղավ անվտանգային այնպիսի իրավիճակ, որ երեխաները զրկվեցին կրթության իրավունքից, կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից:
Ժաննա Անդրեասյան - Մենք խոսում ենք շուրջ 25 հազար դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատման մասին երեք մարզերում և ավելի քան 6000 երեխաների նախադպրոցական կրթության ընդհատման մասին: Նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, այսինքն՝ չեն գործել ուսումնական հաստատությունները:
ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 172 դպրոցներին նախորդ շաբաթ տրամադրվել էր հարկադրված արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Փոխնախարարի խոսքով՝ որտեղ կա անվտանգություն ապահովելու հնարավորություն, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով: 172 փակված դպրոցներից միայն 45-ում է վերականգնվել առկա ուսուցումը, մնացածն անցել են հեռավար ձևաչափի: Խոսքը հիմնականում Սյունիքի մարզի դպրոցների մասին է: Անդրեասյանը նշեց, որ դասապրոցեսին հեռավար կարող են միանալ նաև այն երեխաները, որոնց ընտանիքները հակառակորդի հարձակման հետևանքով տեղափոխվել են այլ համայնքներ: Փոխնախարարը տեղեկացրեց՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել է երկու ուսումնական հաստատություն:
Ժաննա Անդրեասյան - Սա շատ մտահոգիչ է, որ ուսումնական հաստատությունները թիրախավորվել են և դարձել են նաև ուղիղ կրակի թիրախ, ինչը անթույլատրելի է, և, կարծում եմ, որ բոլոր կոնվենցիաների և նաև միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր նորմերի խախտում է:
Բոլոր տվյալները տրամադրվել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ միջազգային կառույցներ ուղարկելու համար: Լրացուցիչ որոշումներ կընդունվեն ամեն օր՝ ելնելով իրավիճակից՝ եզրափակեց փոխնախարարը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան