Հուլիսի 22-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել է ծրագրի շրջանակում մշակված հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը: Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հարմարվողականության ազգային գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարական մոտեցումների մշակումը նախատեսված է ՀՀ Կառավորության 2021 թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ովքեր ընդգծել են կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ ազգային, մարզային և տեղական մակարդակներով հանրային իրազեկման կարևորությունը և այդ գործընթացին շրջակա միջավայրի նախարարությունից բացի Կառավարության այլ կառույցների համակարգված մասնակցության անհրաժեշտությունը:
Միջոցառմանը ներկա են եղել և առցանց մասնակցել շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Վիճակագրական կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՄԱԶԾ, «Սիվիտտա Հայաստան» ընկերության ԴՈՊԻՆԳ Կրեատիվ Էջենսիի ավելի քան 20 ներկայացուցիչ:
Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարության նախագիծն ու միջոցառումների ցանկը ներկայացվել էր մարզպետարանների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթաց-աշխատաժողովի ընթացքում:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել էր նաև ՀՀ Կառավորության 2021 թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ հաստատված հարմարվողականության ազգային ծրագիրը (ՀԱԾ), դրա սկզբունքները, գործընթացները, շահառու կառույցների դերակատարությունները»,- նշված է գրառման մեջ: