Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է միջոցառմանը, մրցանակներ հանձնել օլիմպիադայի հաղթողներին՝ նրանց մաղթելով հետագա մասնագիտական հաջողություններ երաժշտարվեստի ոլորտում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթը սկսել է շնորհակալական խոսքով՝ ուղղված բոլոր այն համայնքներին, որոնք մասնակցություն են ունեցել մրցույթին:
«Մեր մարզերում կա հրաշալի ներուժ, որը բացահայտելով և օգտագործելով՝ կարող ենք մարզերի ցանկացած բնակավայրում ակտիվացնել մշակութային կյանքը: Մշակույթի դերն է իր շուրջ կառուցել պետականության զգացողություն և գիտակցում, ամրապնդել կրթական համակարգը՝ կերտելով թե՛ անվանի դեմքերի, թե՛ հոգևոր, մշակութային միջավայր»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա առանձնակի շեշտադրմամբ շնորհակալություն է հայտնել ծնողներին, երեխաներին, ուսուցիչներին ու տնօրեններին՝ համառ ջանքերի, նվիրվածության ու կատարած աշխատանքի համար:
Դիմելով երեխաներին՝ փոխնախարարն ընդգծել է՝ անկախ հաղթանակից, մասնակցելով մրցույթին՝ նրանք ընտրել են կրթության, շարունակաբար սովորելու ընթացքը, ինչը բազում նոր դռներ կբացի նրանց առջև:
Դանիել Դանիելյանը, խոսքը եզրափակելով, շնորհակալություն է հայտնել նաև հանձնաժողովի անդամներին ու մրցույթի կազմակերպիչներին՝ անաչառության, գործը ոգևորիչ խանդավառությամբ իրականացնելու և անտրտունջ աշխատանքի համար:
Երեխաներին շնորհավորել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և նվաճումներ արվեստի ոլորտում:
«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան այս տարի անցկացվել է 7-ամյա և 5-ամյա երաժշտական կրթության ավարտական դասարանցիների համար: Օլիմպիադայի նախնական ընտրության փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երաժշտական և արվեստի դպրոցների (Երևանի 16 և մարզերի 49) 259 աշակերտներ: Նախնական ընտրության փուլը հաղթահարել և եզրափակիչ փուլին մասնակցել են 43 երաժշտական և արվեստի դպրոցների (Երևանի 16 և մարզերի 27) 116 աշակերտներ:
Մասնակիցները մրցել են տեսական գիտելիքների, երաժշտական թելադրության, ինտոնացիայի և երաժշտական մտածողության տարբեր առաջադրանքներում։
Օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքներով երաժշտական և արվեստի 10 դպրոցների (Երևանի 7 և մարզերի 3) 22 աշակերտներ արժանացել են մրցանակների:
(53-56) միավոր. օլիմպիադայի դափնեկիր
-
Մհեր Ֆահրադյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց),
-
Ռոման Ավետիսյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց),
-
Դավիթ Մանուկյան (Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց),
-
Նարե Մաիլյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
-
Էվա Սարգսյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
-
Դոնարա Խուրշուդյան (Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց),
-
Արամ Սիմոնյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց),
-
Արշավիր Գասպարյան (Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց),
-
Արմենուհի Սարգսյան (Ամասիայի մանկական արվեստի դպրոց),
-
Հերմինե Գևորգյան (Ամասիայի մանկական արվեստի դպրոց),
-
Դավիթ Մկրտչյան (Հրազդանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց):
(57 միավոր). օլիմպիադայի 3-րդ կարգի մրցանակ
-
Միշել Մանասյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
-
Գոռ Մելքոնյան (Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց),
-
Նարեկ Եղիազարյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց),
-
Արմեն Սարգսյան (Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց):
(58 միավոր). օլիմպիադայի 2-րդ կարգի մրցանակ
-
Մարիա Բավեյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց):
(59 միավոր). օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակ
-
Ալեքսանդր Համբարձումյան (Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց),
-
Աննա Գյուրջինյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց):
(60 միավոր). օլիմպիադայի մեծ մրցանակ և հաղթող
-
Աննա Գևորգյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
-
Մենուա Մելիք-Հայկազյան (Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց),
-
Վահագն Ենգիբարյան (Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց),
-
Վլադիմիր Բարսամյան (Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց):
Եզրափակիչ փուլ անցած բոլոր աշակերտներին տրվել են հավաստագրեր, իսկ դափնեկիրներին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց դասատուներին և դպրոցներին հանձնվել են պատվոգրեր և այլ խրախուսական մրցանակներ:
«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան գործունեության երկու տարիների ընթացքում կարևոր մասնագիտական հարթակ է դարձել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար։ Բացի մրցութային բաղադրիչից՝ ծրագրի շրջանակում անցկացվում են նաև սեմինար-խորհրդակցություններ, փորձի փոխանակման հանդիպումներ և մեթոդական աշխատանքների մրցույթներ՝ նպաստելով հանրապետությունում սոլֆեջոյի դասավանդման միասնական չափանիշների ձևավորմանը և մանկավարժների մասնագիտական զարգացմանը։